AM
22 March 2010 - 13:32 AMT

2009 թվականին Հայաստանում ստուգաչափման է ենթարկվել 98 հազար գազահաշվիչ

2009թ. ընթացքում ստուգաչափման է ենթարկվել շուրջ 98 հազար բնական գազի կենցաղային գազահաշվիչ, որից թվով 3, 5 հազար հաշվիչների վերաբերյալ մասնագիտացված լաբորատորիաների կողմից տրվել է«Արտաքին միջամտություն» եզրակացություն:

Ինչպես հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, Չափագիտության ազգային մարմնի կողմից ընդունված կարգի համաձայն, բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը կատարվում է 5 տարին մեկ պարբերականությամբ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում շահագործման մեջ գտնվող ստուգաչափման ենթակա բնական գազի կենցաղային հաշվիչների ստուգաչափումը իրականացնում է ՀՀ տարածքում առկա վերանորոգման ու ստուգաչափման մասնագիտացված եւ հավատարմագրված համապատասխան լաբորատորիաներով հագեցված «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում եւ «Հայկազմգազ» ՄՁ ՓԲԸ-ում:

Բացի այդ, վերջին օրերին ուժեղ քամիների եւ առատ տեղումների պատճառով մի շարք բնակավայրերում վնասվել են վերգետնյա գազատարները եւ խախտվել է համայնքների գազամատակարարումը: Ըստ գազաբաշխիչ ցանցերի շահագործման ու սպասարկման վարչության, օպերատիվ միջոցառումների արդյունքում տարերքի հետեւանքներն արդեն վերացվել են, վնասված գազամուղները վերանորոգվել են եւ գազամատակարարումը վերսկսվել է:

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: