Այսօր տեղի ունեցած Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների չորրորդ նստաշրջանում քննարկվեցին գիտության, տեխնիկայի, էներգետիկայի, առեւտրի եւ տնտեսության բնագավառներում երկկողմանի համագործակցության ու երկու երկրների խորհրդարանների հետագա համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը` ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած բելառուսական կողմի համանախագահ Վալերի Իվանովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Հ. Կարապետյանի խոսքերի համաձայն, Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի է ունենում տարվա մեջ երկու անգամ, ինչը երկկողմանի հարցերի քննարկման համար լավ հարթություն է:
Վալերի Իվանովն իր հերթին, նշել է, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն աշխատում է Հայաստանի եւ Բելառուսի օրենսդրական դաշտերի միասնականացման ուղղությամբ: Ճշգրտելով տնտեսության բնագավառում ձեռք բերված պայմանավորվածությունները, նկատեց, որ Բելառուսը հետաքրքրված է հայկական շուկայով եւ մտադիր է զարգացնել գյուղատնտեսության, մեքենաշինության եւ թեթեւ արդյունաբերության բնագավառներում Հայաստանի հետ առեւտուրը:
«Մենք ցանկանում ենք նաեւ խորացնել համագործակցությունը ատոմային էներգիայի բնագավառում, քանի որ Բելառուսը մտադիր է 10 տարվա ընթացքում կառուցել իր սեփական ատոմային էլեկտրակայանը, որտեղ շատ է պետք գալու Հայաստանի փորձը», – ասել է Վալերի Իվանովը:
Վ. Իվանովը նաեւ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապի զարգացման համար խորհրդարանական հանձնաժողովը պետք է աշխատի այդ ոլորտի օրենսդրական դաշտում ուղղումներ անել:
Հրայր Կարապետյանը ավելացրել է, որ 2009 թ. ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 103 տոկոսով, հասնելով 30 մլն դոլարի:
«Մենք կարեւորություն ենք տալիս նաեւ Հայաստանի եւ Բելառուսի տարածաշրջանների միջեւ հարաբերությունների խորացմանը, ինչը նույնպես քննարկվել է այս նստաշրջանի ընթացքում», – ասել է նա:
Կարապետյանը հայտնել է, որ այսօր կայացել է նաեւ աշխատանքային հանդիպում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Բելառուս կատարելիք այցի մոտավոր ժամկետները», – ասել է նա: