«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ հայաստանյան Beeline բջջային կապի բաժանորդները կարող են լիցքավորել իրենց կամ «ԱրմենՏել-ի» ցանկացած բաժանորդի հաշվեկշիռը Ռուսաստանում գործող ավելի քան 8000 վճարման կետերում: PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամլո ծառայությունից հաղորդում են, որ բջջային հեռախոսի հաշվեկշիռը հնարավոր է լիցքավորել «InterExpress», «Sprint Net», վճարային տերմինալների միջոցով, բոլոր բաժանմունքներում, ինչպես նաեւ «Եվրոսետի» բոլոր ռուսաստանյան սրահներում:
Բացի դրանից, Ռուսաստանում բնակվողները հնարավորություն ունեն վճարել կապի ծառայությունների համար Հայաստանում բնակվող եւ Beeline բաժանորդ իրենց ընկերների կամ բարեկամների փոխարեն: Վճարումներն իրականացվում են ռուսական ռուբլով:
«Մենք համոզված ենք, որ ռուսական խոշորագույն ընկերությունների հետ համագործակցության արդյունքում վճարումների ընդունման ցանցի ընդլայնումը եւս մեկ քայլ է մեր մատուցած ծառայություններն ավելի պահանջված եւ հասանելի դարձնելու բոլոր այն վայրերում, որտեղ առկա է մեր բրենդը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հիշեցնենք, որ «ՎիմպելԿոմ»-ը դարձավ առաջին միջազգային օպերատորը, որ հնարավորություն ընձեռեց Ռուսաստանից վճարում կատարել կապի ծառայությունների դիմաց ԱՊՀ այն երկրներում, որտեղ գործում է Beeline ապրանքանիշը. մասնավորապես Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Կիրգիզիայում ինչպես նաեւ Վրաստանում: