AM
22 March 2010 - 16:01 AMT

Հայաստանն ու Բելառուսիան կհամագործակցեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում

«ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվեց Մինսկում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Համաձայնագրի նպատակն է աջակցել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ գիտական հետազոտությունների անցկացմանը:

Համաձայնագրով կողմերը նախատեսում են անցկացնել համատեղ մրցույթներ` Հայաստանի եւ Բելառուսի գիտնականների խմբերի համատեղ իրականացվող նախաձեռնողական գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման եւ համատեղ գիտական միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

Համաձայնագիրը ստորագրվեց ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ:

Այցի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ի. Վ. Վոյտովի հետ եւ ներկայացրել Հայաստանի առաջարկները ԱՊՀ շրջանակներում իննովացիոն համագործակցության վերաբերյալ: