Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ բացվել է բարձր մակարդակով չորրորդ երկխոսությունը ֆինանսական զարգացման մասին: Դիմելով նրա մասնակիցներին` գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց բարեփոխել համաշխարհային տնտեսությունը եւ օգնել աղքատ երկրներին հաղթահարելու ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Այդ մասին ասվում է ՄԱԿ հաղորդագրությունում:
Նա նշեց, որ համաշխարհային տնտեսությունը վերականգնման նշաններ է ցուցաբերում, սակայն ճգնածամի հետեւանքները դեռ չեն հաղթահարվել: Աշխարհում նախկինի նման տիրում է գործազրկության բարձր մակարդակ, իսկ տնտեսական ցնցումների հետեւանքները զգում են աշխարհի բոլոր կողմերում:
«Չնայած այդ բոլոր մարտահրավերներին` դոնոր-երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները զարգացման նպատակով պաշտոնական օգնություն տրամադրելիս, ապահովեն, որպեսզի սեփական տնտեսությունը փրկելու նրանց ջանքերը չվնասեն մյուս պետություններին»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Դրա հետ կապված` նա ընդգծեց, որ աղքատ երկրներն այսօր լրացուցիչ օգնության կարիք ունեն, այդ թվում տնտեսական վերածննդի միջոցների եւ բնակչության խոցելի շերտերին օգնելու: Նա ավելացրեց, որ կարեւոր դեր կարող են խաղալ միջազգային ֆինանսական հաստատությունները: Բայց նրանք էլ վերանորոգման կարիք ունեն:
«Մենք պետք է բարեփոխենք միջազգային ֆինանսական համակարգը եւ փոխենք նրա կառուցվածքը»,- հայտարարել է Պան Գի Մունը: Նա ավելացրեց, որ Բրետտոնվուդյան համակարգի բարեփոխումը պետք է հանգեցնի զարգացող երկրների դերի մեծացմանը կարեւոր միջազգային որոշումներ ընդունելիս:
Նա ընդգծեց, որ զարգացման նպատակով գործընկերության կարելի է հասնել ներդրումների, առեւտրի, օգնություն ցուցաբերելու, արտաքին պարտքերի կրճատման ոլորտում քաղաքականությունը համակցելու ճանապարհով: Նա նշեց, որ զարգացման նպատակով գործընկերության ամրապնդումը հազարամյակի զարգացման 8 նպատակներից է: Դրանց ձեռք բերման ընթացքի ամփոփումը տեղի է ունենալու գագաթնաժողովի ժամանակ սեպտեմբերին Նյու Յորքում: