AM
24 March 2010 - 12:10 AMT

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով արդեն երկու վարկ է տրամադրվել 21 մլն դրամ ընդհանուր գումարով

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում արդեն երկու վարկ է տրամադրվել 21 մլն դրամ ընդհանուր գումարով, որոնք վերաֆինանսավորվել են կազմակերպության կողմից, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:

Նրա խոսքով, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նպատակային պետական ծրագիրն իրականացվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից: «Ներկա պահին ծրագրին մասնակցում են հինգ բանկեր եւ երկու վարկային կազմակերպություններ` Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ Բանկ (Հայաստան), «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն եւ «Վաշինգտոն կապիտալ» ՈՒՎԿ-ն»,- ասել է նա:

2010 թվականի փետրվարի 16-ին Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցեց եւ լիցենզիա տվեց «Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ-ին:

«Բնակարան երիտասարդներին» ՈՒՎԿ հիմնադիրը Հայաստանի Կենտրոնական բանկն է, իսկ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 3 մլրդ դրամ: Վարկերը տրամադրվելու են տարեկան 8,5-9-ական տոկոսով, հիփոթեքի կանխավճարը կկազմի 30%, մարման ժամկետը` մինչեւ 15 տարի: Ծրագրի համաձայն վարկի չափը կազմում է 16 մլն դրամ Երեւանի համար եւ մոտ 10 մլն դրամ երկրի մարզերում բնակարան ձեռք բերելու համար:

Վարկ ստանալու ցանկություն հայտնած ընտանիքներին որոշակի պայմաններ են առաջադրվելու` ընտանիքի համախառն եկամուտը պետք է կազմի մոտ 300-350 հազ. դրամ, որի մեջ ներառվում են ընտանիքի ոչ միայն երիտասարդ անդամների, այլեւ ազգականների եկամուտները: Բացի դրանից, ծրագրի պահանջների համաձայն, երիտասարդ է համարվում այն ընտանիքը, որում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, եւ որում ամուսիններից ոչ մեկը 35 տարեկանից բարձր չէ: Երիտասարդ է համարվում նաեւ այն ընտանիքը, որում միակ ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը: