AM
24 March 2010 - 13:22 AMT

Մանուկ Հերգնյան. Կոռուպցիան առաջինը չէ այն գործոնների թվում, որոնք խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում

Ըստ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հարցումների, կոռուպցիան առաջինը չէ այն գործոնների թվում, որոնք խոչընդոտում են գործարարության զարգացմանը Հայաստանում: Երեւանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Ըստ նրա, երկրում այնպիսի «ավանդույթ» է ձեւավորվել, որ բոլոր խնդիրները բարդում են կոռուպցիայի վրա: «Չնայած նրան, որ կոռուպցիան տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն է, այնուամենայնիվ, դա կապված է նաեւ բուն տնտեսության զարգացման հետ. որքան մեծ լինեն էկոնոմիկայի ծավալները, այնքան կնվազի կոռուպցիայի հավանականությունը»,-ասել է նա:

Ըստ Մանուկ Հերգնյանի, կոռուպցիայի հիմքում հասարակության սոցիալական արժեքների համակարգն է: «Ես չեմ կարծում, որ միայն տնտեսական միջոցներով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ»,-ասել է նա: Այդ համատեքստում նա հավելել է, որ անհրաժեշտ սոցիալական արժեքների համակարգը պետք է ձեւավորվի կրտսեր հասակում, մասնավորապես, կրթության ոլորտում: Եթե կրթական համակարգը չի փոխանցում այն արժեքները, որոք հետագայում էլ կխոչընդոտեն մարդու ներգրավմանը կոռուպցիայի մեջ, ապա դրանից հետո բոլոր գործողություններն անիմաստ են, քանի որ մենք արդեն գործ ենք ունենում ախտանիշերի, ոչ թե կոռուպցիայի իրական պատճառների հետ»,-ասել է փորձագետը:

«Մասնավոր կորպորատիվ համակարգի ամրապնդում» խորագրով խորհրդաժողովը, որն անցել էր Երեւանում մարտի 24-ին, կազմակերպվել էր USAID-ի հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ USAID-ի «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագրի հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում են տեղի եւ արտերկրի ձեռնարկությունների, միջազգային բանկերի ու առեւտրային գործակալությունների, ինչպես նաեւ կառավարության ու քաղաքացիական հանրության շուրջ 200 ներկայացուցիչներ: