AM
29 March 2010 - 13:11 AMT

ՀԿԵՈՒ վագոնային դեպոյում պայթուցիկ սարքի մասին հեռախոսազանգը կեղծ էր

Մարտի 29-ին ՀՀ Ոստիկանության հերթապահ հեռախոսին անանուն ահազանգ կատարվեց: Անհայտ անձը հաղորդեց, որ ք.Երեւանի վագոնային դեպոյում պայթուցիկ սարք է տեղադրված: Ոստիկանության ներկայացուցիչները, փրկարար ծառայությունները, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը օպերատիվ կերպով վայր ժամանեցին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ոչ մեծ ժամանակաընթացքում դեպոյի բոլոր աշխատակիցները շտապ էվակուացվեցին: Վարժված շների մասնակցությամբ ստուգումը ցույց տվեց, որ ահազանգը կեղծ էր:

Ներկա պահին այդ փաստով հետաքննություն է ընթանում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով: