AM
30 March 2010 - 10:51 AMT

MONT ընկերությունների խումբը Երեւանում ներկայացուցչություն է բացել

Երեւանում կայացել է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ծրագրային ապահովման խոշորագույն դիստրիբյուտոր MONT ընկերությունների խմբի հայկական ներկայացուցչության բացումը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է ռուսական ընկերության մուտքը հայկական շուկա:

«Էկոնոմիկայի նախարարությունը, որը համակարգում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանում, պատրաստակամություն է հայտնում աջակցել MONT ընկերությանը»,- նշել է Արա Պետրոսյանը: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը ցանկացած պետության զարգացման առանցքային գործոններից է: Մենք հուսով ենք, որ տարբեր շրջաններում աշխատելու մեր 20-ամյա փորձը նոր խթան, նոր փուլ կհանդիսանա հայկական շուկայի համար, ինչը թույլ կտա մեզ բոլորիս ավելի հաջողակ լինել եւ քաղաքակիրթ շուկա կառուցել Հայաստանի ՏՏ ոլորտում»,- բացման արարողության ժամանակ ասել է MONT փոխնախագահ Իվան Երմակովը:

Իր հերթին, MONT-Հայաստանի գլխավոր տնօրեն Ռուբեն Եսայանը ներկայացրեց ընկերության երեւանյան գրասենյակի թիմը: «MONT-ի հայկական ներկայացուցչության գործունեությունը զարգանալու է ժամանակով ստուգված MONT կորպորատիվ չափորոշիչներին համապատասխան, իսկ այդ գործունեության արդյունքները, հուսով եմ, ծառայելու են Հայաստանին եւ նպաստելու են ինչպես ոլորտի զարգացմանը, այնպես էլ բյուջեին»,- ասել է Եսայանը:

Երեւանում ներկայացուցչություն բացելու որոշումն ընկերության բիզնեսի զարգացման գլոբալ ռազմավարության մասն է: MONT-ի ներկայացուցչությունները 4000-ից ավել են եւ ընդգրկում են Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների ողջ տարածքը: Ընկերության մասնաճյուղերը եւ ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում, ինչպես նաեւ ԱՊՀ 12 մասնաճյուղերում:

Հայաստանում MONT-ը տարածում է Microsoft-ի, Symantec-ի, ABBY-ի, ADOBE-ի, ESET-ի, «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապրանքները: MONT-ն արդեն մտել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության» կազմ, որի մեջ մտնում են 32 կազմակերպություններ: