AM
30 March 2010 - 11:25 AMT

Հայաստանի հսկիչ պալատը հիասթափված է տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատանքից

Հայաստանի հսկիչ պալատը (ՀՊ) հիասթափված է տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատանքից: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ՀՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքերով, բյուջեից դուրս է գրվել 795,9 մլն դրամ, որոնցից ստուգվել են 337 մլն դրամի չափով իրականացված աշխատանքները, արդյունքում բացահայտվել են 71,5 մլն դրամի խախտումներ:

Բացի դրանից, Զաքարյանը հաղորդեց, որ ստուգվել են 16 կապալառու ընկերություններ: Նրանց կողմից 5,31 մլրդ դրամի չափով իրականացրած աշխատանքերից ՀՊ-ը ստուգել է 972,4 գումարի իրականացրած աշխատանքները: Արդյունքում բացահայտվել են 201 մլն դրամի հավելագրումներ (գումարը վերադարձվելու է պետբյուջե) եւ 19,8 մլն ` անարդյունավետ ծախսեր:

ՀՊ նախագահը նաեւ հայտնեց, որ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից պատշաճ կերպով չեն իրականացվել պետական նշանակության ճանապարհների պահպանման եւ օգտագործման ծրագրերը: «Աշխատանքներն իրականացվել են ձեւականորեն, նախարարության աշխատակիցները ավտոմատ կերպով առանց ստուգելու ստորագրել են բոլոր ակտերը»,- ասել է Զաքարյանը:

Նա ավելացրեց, որ բոլոր խնդիրները քննարկվել են տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանի հետ, որը բավական խիստ է մոտեցել հարցին եւ պատրաստակամություն է հայտնել հարթել գոյություն ունեցող թերությունները: