AM
17 Մարտ 2010 - 12:02 AMT

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիայի վարչապետը պետք է ամաչի

Թուրքիայի վարչապետը պետք է ամաչի նման հայտարարություններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Էրդողանի սպառնալիքը «Թուրքիայից 100 հազար հայ անօրինականներին արտաքսելու» մասին: Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիան, հանդիսանալով Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր Օսմանյան կայսրության իրավահաջորդը, նման հայտարարություններով հաստատում է, որ վերջին 100 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել: «Հայոց ցեղասպանության` աշխարհի բոլոր հեղինակավոր գիտապատմական կենտրոնների կողմից ճանաչված փաստի ժխտման քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այսօր հարեւան պետության` ստի վրա հիմնված քաղաքականությունը շարունակում է գործել»,- ընդգծեց պրոֆեսորը:

Դրա հետ մեկտեղ նա ասաց, որ Թուրքիայում 100 հազար հայ անօրինականների թիվը չի համապատասխանում իրականությանը: «Զանազան հետազոտություններ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում Հայաստանի մոտ 15 հազար անօրինական քաղաքացի կա, ոչ ավել»,- ասաց Սաֆրաստյանը: