Գնաճը որոշակի տարակուսանք է առաջացրել Հայաստանի կառավարության մոտ, այնուամենայնիվ, դա կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած ընդլայնված դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության արդյունքն է: Այդ մասին կառավարության նիստում ապրիլի 1-ին ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք գտնվում ենք բարձր գնաճի փուլում: Մարտին փետրվարի համեմատ, գնաճն երկրում գրանցվել է 0,8 տոկոսի մակարդակով, եւ դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ»,-ասել է նա: Ընդ որում, նա հավելել է, որ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելի մեծ է` 8,8 տոկոս: 2010 թվականի կանխատեսումներով գնաճը կկազմի 7 տոկոս:
Այս առնչությամբ վարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությանն ու Կենտրոնական բանկին կհաջողվի զսպել գնաճային ճնշումները, եւ այդ ցուցանիշները մինչեւ տարեվերջ կնվազեն:
Ըստ Տիգրան Սարգսյանի, գնաճի զսպման հարցում Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել, որ 2010 թվականին մակրոտնտեսական ցուցանիշներն աննշան ազդեցություն են ունեցել գնաճի վրա: «Ավելին, եթե մեզ հաջողվի պահպանել հարկերի հավաքագրումն այն մակարդակով, որն արձանագրվել է առաջին եռամսյակում, ապա դա եւս թույլ կտա զսպել գնաճն երկրում»,-ասել է նա: