AM
2 April 2010 - 08:44 AMT

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում բացվել է վարկային ռեսուրսների հարթակը

ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի նոր կանոնները, որոնց համապատասխան 02.04.2010թ.-ից բորսայում կսկսի գործել վարկային ռեսուրսների հարթակը: Նոր այս ծառայության շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն առեւտրային իր համակարգի միջոցով կկազմակերպի ֆինանսական շուկայի մեծ հատված կազմող միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը: Այսպիսով, բորսան իր ներդրումը կունենա ոչ միայն արժեթղթերի եւ արտարժույթի, այլ նաեւ վարկային միջոցների արդար եւ թափանցիկ գնագոյացմանը, հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը:

Վարկային ռեսուրսների բորսայական հարթակի մասնակիցներն են լինելու ՀՀ բանկերը: Առեւտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչեւ 15:00-ն. ինչպես արտարժույթի շուկայում, այս հարթակում եւս առեւտրային նստաշրջանի փակմանը հաջորդող հինգ րոպեի ընթացքում կանցկացվի հետառեւտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել եւ ստանալ տվյալ առեւտրային օրվա ընթացքում ձեւավորված միջին կշռված տոկոսադրույքով: Սկզբնական փուլում միջբանկային վարկային հարթակում շրջանառելու է միայն օվերնայթ (մեկօրյա վարկ) գործիքը. ապագայում կներդրվի նաեւ ավելի երկարաժամկետ վարկային գործարքների կնքման հնարավորությունը:

Վարկային ռեսուրսների միջբանկային հարթակում բոլոր վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, ընդ որում վարկի ծավալը պետք է 10 մլն ՀՀ դրամին բազմապատիկ լինի: Ինչպես բորսայական մյուս բոլոր հարթակներում, վարկային հարթակում եւս առեւտուրը կազմակերպվելու է երկկողմանի անընդհատ աճուրդի եղանակով` անանուն ռեժիմով: Գործելու է նաեւ միջոցների նախադեպոնացման պահանջ, սակայն միայն վարկ տրամադրող կողմի համար: