«Ներկայում Հայաստանի կոալիցիոն կառավարումը ծանր վիճակում է գտնվում եւ փոփոխության կարիք ունի», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:
Կարապետյանի խոսքերի համաձայն, կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից դժգոհ է ե'ւ ժողովուրդը, ե'ւ ղեկավարությունը: >Սոցիալ-տնտեսական կիսախառն միջոցառումները` կենսաթոշակի եւ նպաստների աննշան բարձրացման ուղղությամբ չեն համապատասխանում երկրում տիրող իրավիճակին եւ չեն համապատասխանում երկրի ներկա իրականությանը», – նշել է նա:
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի նախագահն այս ամենից պետք է եզրակացություն անի եւ արմատական միջոցներ ձեռք առնի իրավիճակը լավացնելու համար, հակառակ դեպքում երկրում կարող է սոցիալական մեծ ցնցումներ լինեն:
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, որ եթե երկրում հետագայում տնտեսական վիճակը չլավանա, ՀՅԴ-ն կպահանջի արդյոք կառավարության հրաժարականը, Կարապետյանը պատասխանեց, որ կառավարության հրաժարականով ոչինչ հնարավոր չէ որոշել, պետք է պայքարել քաղաքական կուրսը փոխելու համար: