Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, որը մասնակցում էր ՄԱԿ-ի վեհաժողովի 56-րդ նստաշրջանի նիստի աշխատանքներին, Նյու Յորքում հանդիպել է իր ռուսաստանյան գործընկեր Իգոր Իվանովի հետ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը: Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաեւ միջազգային խնդիրներ, մասնավորապես, պայքարն ահաբեկության դեմ: Վարդան Օսկանյանը Նյու Յորքում հանդիպել է նաեւ Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Ամերիկայում հայ եւ հրեական համայնքների գործակցության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարների հետ առնչվող հարցեր: Իսկ Կուբայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Պերես Ռոկեի հետ հանդիպման ժամանակ Օսկանյանը հիմնականում խոսել է Երեւանի եւ Հավաննայի գործակցության միջոցների մասին միջազգային կազմակերպություններում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: