ԱՄՆ-ի Ազատությանն աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժի կասեցումը չի սպառնում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին Նյու Յորքից «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսային հարցազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Կոնգրեսականների ընդունած օրինագիծում ված է, որ Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից ահաբեկության դեմ պայքարի համար տրամադրվելիք օգնությունը չի կարող արգելք հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, այսինքն, ուղղված լինի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայաստանի դեմ»,- հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Օսկանյանն ընդգծեց, որ բանակցությունների ընթացքում պետք չէ բացառել տարբերակներից ոչ մեկը: Նրա խոսքերով` այդպիսի տարբերակներից մեկը համարվում է Լեռնային Ղարաբաղի միավորումը Հայաստանին: Շարունակելով հակամարտության խաղաղ կարգավորման թեման, Օսկանյանը նշեց, որ Ադրբեջանում ահաբեկչության մեջ Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները բացասական են անդրադառնում հատկապես Ադրբեջանի համար, քանզի ղարաբաղյան խնդիրն աշխարհում չի քննարկվում ահաբեկության կոնտեքստով:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան վերջերս կատարած այցի մասին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նրանք փորձել են «ուշքի բերել» Փարիզում սկսած փոքր շեղումներով շեշտադրված գործընթացը: Սակայն նույնիսկ շեշտադրումների ոչ մեծ շեղումները Ադրբեջանի կողմից կտրականապես մերժվել են: Փոխարենը` Բաքվի իշխանություններն առաջարկել են «Փարիզյան սկզբունքներին չհամադրվող» արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների փոփոխությունների ընդլայնված փաթեթ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: