Ապրիլի 6-ին Երևանում կայացավ Հայաստանին նվիրված The European Times ամսագրի շնորհանդեսը: "Այս ամսագիրն այն գործիքներից մեկն է, որը կարող է խթան դառնալ ընթացիկ կառավարական ռազմավարության իրականացման համար",- ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:
Նրա խոսքով, սա լավագույն պլատֆորմն է ներդրումային միջավայրի, բիզնես-միջավայրի ներկայացման, պոտենցիալ ներդնողներին Հայաստան հրավիրելու և կապերի ամրապնդման համար: "Բոլոր այն ոլորտները, որոնք կառավարության կողմից հռչակվել էին առաջնահերթ, իրենց տեղն են գտել ամսագրում, և կարևոր է, որ այս հրատարակությունը, ունենալով լայն աշխարհագրություն, մեծ խթան կհանդիսանա մեր տնտեսական քաղաքականության մեջ իրականացվող գործընթացներին աջակցելու հարցում",- ավելացրեց էկոնոմիկայի փոխնախարարը:
Ամսագրում ներկայացված են Հայաստանի գործարարական և ներդրումային հնարավորությունները, միջազգային ֆինանսական ինստիտուտները, ֆինանսներն ու ապահովագրությունը, էներգետիկան և բնական ռեսուրսները, առևտուրն ու արդյունաբերությունը, շինարարությունն ու ենթակառույցները, տրանսպորտն ու հաղորդակցությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունն ու տուրիզմը: