AM
7 April 2010 - 07:06 AMT

ՀայՌուսգազարդ. Գազն այսօրվա դրությամբ շարունակում է մնալ ամենամատչելի էներգակիրը

Անկախ գազի գնի բարձրացումից եւ բնակչության մի մասի դժգոհությունից, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի անցկացրած հետազոտությունները վկայում են այն մասին, որ գազը շարունակում է մնալ ամենամատչելի եւ պահանջված էներգակիրը Հայաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը ապրիլի 6-ի հանրահավաքում:

“Կարող եմ նշել, որ ընկերությունը բազմիցս է հանդես եկել հայտարարությամբ այն մասին, որ իրեն մտահոգում է սոցիալ-տնտեսական իրավիճակը, կապված գազի սակագնի աճի հետ, սակայն ապրանքը չի կարող վաճառվել ինքնարժեքից ցածր գնով”,-ասել է նա: Այդ առնչությամբ Շուշան Սարդարյանը նաեւ մեկ այլ փաստարկ է բերել, որը վերաբերում է տվյալ էներգակիրի պահանջարկի բարձրացմանը, մասնավորապես, ընկերության բաժանորդների քանակը 2009 թվականի նոյեմբերից մինչեւ 2010 թվականի ապրիլի 1-ը ավելացել է շուրջ 10 հազարով, եւ այսօրվա դրությամբ դրանց թիվը շուրջ 600 000 է: “Ընդ որում, հասարակությունը տեղեկացված է եղել գազի գնի աճի մասին”,-ասել է նա:

Ըստ ՀԱԿ-ի հայտարարության, Հայաստանի վարչական դատարան հայց է ներկայացվել ընդդեմ “ՀայՌուսգազարդի”` գազի սակագնի բարձրացման առնչությամբ: Հայցի տակ ստորագրել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտ 30 000 մարդ:

Մեկ խոր/մ գազի սակագինը 132 դրամ կկազմի մինչեւ 10 000 խոր/մ օգտագործելու դեպքում եւ 1000 խոր/մ օգտագործելու դեպքում $ 243.13` ամսական 10 000 խոր/մ-ից ավել օգտագործող ձեռնարկությունների համար: Իր հերթական նիստում նման սակագներ սահմանեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ): Ներկայումս Հայաստանի բնակչությունը 1 խոր/մ համար 96 դրամ է վճարում, մինչդեռ ձեռնարկությունները` $215: Այդպիսով, ապրիլի 1-ից գազի սակագները կթանկանան 37,5%-ով բնակչության համար եւ 13%-ով` ձեռնարկությունների համար:

ՀԾԿՀ-ն ռուսական գազի սակագները 17%-ով բարձրացնելու իր որոշումը հիմնավորում է դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ աճով, 20%-ով բնական գազի սպառման կրճատմամբ, ինչպես նաեւ ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության ներդրումների փոխհատուցման անհրաժեշտությամբ:

Հայ-ռուսական ՙՀայՌուսգազարդ՚ փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, ՙԳազպրոմ՚ բաց բաժնետիրական ընկերության եւ ՙԻտերա՚ միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ՙԳազպրոմ՚ ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված ՙՀայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին՚ համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: