Հայաստանի պետական պարտքը կշարունակի աճել մինչև 2012 թվականը, որից հետո կարելի է ակնկալել նրա ծավալների աստիճանական կրճատում, Երևանում լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Նրա խոսքերով, մինչև 2010 թվականի ավարտը Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ընդ որում, արտաքին պարտքը մինչև տարեվերջ կկազմի ՀՆԱ-ի 43 տոկոսը:
Գ.Տոլոսան նշել է, որ ԱՄՀ զեկույցում կա Հայաստանի պետպարտքի խորը վերլուծություն, որի համաձայն պարտքը բավական կայուն է միջնաժամկետ առումով, եթե ԱՄՀ ծրագրով նախատեսված հիմնական պարամետրերը կատարվեն:
2009 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի ընդհանուր պետպարտքը կազմել է 1270,7 մլրդ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ներքին պարտքը կազմել է 149,7 մլրդ դրամ, իսկ արտաքինը` 1121,1 մլրդ դրամ: