Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) դիմել է Հայաստանի նախագահին խնդրանքով` “Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին” օրենքը ներկայացնել խորհրդարանի վերանայմանը: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում UITE նախագահ Կարեն Վարդանյանը, օրենքում փոփոխությունները կատարվել են առանց Միության առաջարկները հաշվի առնելու: “Մենք առաջարկում ենք օրենքը քննարկել ՏՏ ոլորտի պրոֆեսիոնալների մասնակցությամբ”,- ասել է Կարեն Վարդանյանը:
Ինչպես հայտնել է UITE իրավաբան Արկադի Սահակյանը, օրինագիծը ներկայացված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հաստատմանը, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության, պետք է 21-օրյա ժամկետում ստորագրի օրենքը կամ այդ ժամանակի ընթացքում առաջարկներով կամ առարկություններիվ վերադարձնի օրինագիծն Ազգային ժողով` պահանջելով նոր քննարկում: Իրավաբանի կարծիքով, օրենքի գլխավոր թերությունն այն է, որ փաստաթղթում հստակեցված չեն “երկակի նշանակության ապրանքներ” և “մտավոր գործուենության արտադրանք” հասկացությունները:
“Թերություններ ունեցող օրենքը հսկայական վնաս է հասցնում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: Օրենքը նախատեսում է, որ արտահանման ենթակա բոլոր մշակվող ծրագրերը պետք է հսկողության ենթարկվեն, այդ թվում` Ինտերնետով ուղարկվող ծրագրային ապահովումը: Ես կարծում եմ, որ դա հակասում է Հայաստանի Սահմանադրության այն կետին, որը վերաբերվում է նամակագրության, հեռախոսային զրույցների, փոստային, հեռագրային և այլ հաղորդակցությունների գաղտնիությանը”,- ասել է Արկադի Սահակյանը:
Հայաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ապրիլի 8-ին հաստատել է “Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության մասին” օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է լիցենզավորման պարզեցված գործընթաց և երկակի նշանակության ապրանքների արտահանման թույլտվություն: Բացի դրանից, գոյություն ունեցող հանձնաժողովի փոխարեն օրենքում նախատեսված է հատուկ պատասխանատու մարմնի ստեղծում, որը համակարգելու է վերահսկողությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն հասարակական կազմակերպությունը 2000թ-ից ներկայացնում է ձեռնարկությունների շահերը տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում: Միության հիմնադիրները ՏՏ ոլորտում Հայաստանի մասնավոր ընկերություններն են: Վերջին տվյալներով, Միությանն անդամակցում են 32 ընկերություններ: