AM
14 April 2010 - 13:17 AMT

Հայաստանում Ինտերնետի գները կրկին կարող են նվազել 2010 թվականին

Ինտերնետի գները կարող են նվազել 2010 թվականին: Այդ մասին, ապրիլի 14-ին ելույթ ունենալով Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հոբելյանական համագումարում հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: "Դեռևս խնդիր է Ինտերնետի հասանելիությունը և գինը, բայց այս ոլորտում կան լուրջ ներդրումներ: Այստեղ նույնպես անցյալ տարի հայտնվեց նոր ընկերություն, որը մալուխային կապ անցկացրեց: Այս դաշտում նույնպես մրցակցությունն այս տարի կտրուկ կավելանա, ինչի արդյունքում առաջարկվող ծառայությունների փաթեթները կլինեն ավելի բազմազան ու որակյալ, և գները նույնպես կիջնեն: 2009 թվականն ամփոփելու ժամանակ արձանագրեցինք Ինտերնետի գների կտրուկ նվազում և սպասում ենք, որ 2010 թվականին դա նույնպես տեղի կունենա",- ասաց Տիգրան Սարգսյանը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես լրագրողների հետ նույն օրը կայացած զրույցում ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, Հայաստանում բարձր արագության լայնաշերտ Ինտերնետի ցանցի կառուցումը կսկսվի 2010 թվականի վերջին: "Ծրագիրն ավարտական փուլում է գտնվում: Փոփոխություններ են կատարվում` հաշվի առնելով շահագրգռված կողմերի կարծիքները: Ցանցի կառուցման տենդերը կհայտարարվի աշնան կեսերին, որից հետո կսկսվի ծրագրի իրականացման փուլը",- ասաց Վաչե Կիրակոսյանը:

Հայաստանում բարձր արագության լայնաշերտ Ինտերնետի ցանցի կառուցումը տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ: Ցանցը խառը բնույթ է կրելու (օպտիկամանրաթելային, Wi-Max, արբանյակային կապ): Ծրագրի իրագործումը կտևի 3-ից 5 տարի, նախատեսվում է դրա համար հատկացնել $24 մլն: