AM
6 November 2001 - 19:08 AMT

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՒ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՅԱՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ

Այսօր Ստեփանակերտից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները մտադիր են Հայաստանի իշխանությունների հետ քննարկել ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող` «Փարիզյան սկզբունքների» շրջանակներում մշակված նոր առաջարկները: Ըստ «Արմինֆո» գործակալության, Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը հայտնել է, որ նոր առաջարկները «փարիզյան եւ քի վեսթյան պայմանավորվածությունների լավ մշակված ուրվագծի վերափոխությունն է»: Նույն միտքն է արտահայտել նաեւ ֆրանսիական համանախագահ Ֆիլիպ դե Սյուրեմենը, ըստ որի` «Փարիզում եւ ՔԻ Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները անպայման կպահպանվեն եւ հենց դրանց հիման վրա էլ կշարունակվի աշխատանքը»: Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան բանակցությունների` Փարիզում եւ Քի Վեսթում համաձայնեցված ֆորմատի պահպանման օգտին: Անրադառնալով բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցությանը` միջնորդները հրաժարվեցին հայտնել, թե երբ այդ բանը հնարավոր կլինի: Ընդորում նրանք նշեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունը դեռ չի ավարտվել: Մինսկի խմբի համանախագահների կարծիքով` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կողմնակից չէ խնդիրը ռազմական ձեւով լուծելուն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: