AM
5 November 2001 - 18:56 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ

Լեռնային Ղարաբաղը մտադիր չէ հրաժարվել իր անկախությունից: Այդ մասին ԼՂՀ պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանը: Նշելով, որ հակամարտության քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի, ԼՂՀ նախագահը, ըստ «Մեդիամաքս» գործակալության, հանդես է եկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ բանակցությունների օգտին: Ընդ որում, Ղուկասյանն առաջարկել է առայժմ չշոշափել Լեռնային Ղարաբաղի անկախության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրները, այլ քննարկել այն հարաբերությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
ԼՂՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը սպառել է իր կառուցողական պաշարները, քանի որ հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր վերջին առաջարկություններից: Ղուկասյանը ընդգծել է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել խաղաղության հաստատման ուղիները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: