AM
5 November 2001 - 18:59 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՁԳՏՈՒՄՈՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավարարված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի դիրքորոշմամ, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Բաքվի «Hyatt Regency» հյուրանոցում կայացած մամլո ասուլիսում մեկնաբանելով Ալիեւի հետ հանդիպման արդյունքները` ռուսաստանյան համանախագահ, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովն ասել է. «Նա կտրականապես բացառում է ռազմական ուղիով խնդրի լուծումը»: Ըստ Տրուբնիկովի` Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը ներկայացրած յուրաքանչյուր նոր առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի նախագահը հայտնել է իր կարծիքը: Միջնորդների համար գլխավոր արդյունքն այն էր, որ «Հեյդար Ալիեւը պահպանեց կոնստրուկտիվ մոտեցումը», նշելէ ռուսաստանյան դիվանագետը: Նրա կարծիքով` աշխարհում հիմա կատարվող փոփոխությունները երկու երկրների ղեկավարներին կստիպեն գտնել խնդրի շուտափույթ լուծումը: Պատասխանելով այն հարցին` կազդեն արդյոք խնդիրը ռազմական ուղիով լուծելու Ադրբեջանում սաստկացող տրամադրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վրա` ռուսաստանյան համանախագահն ասաց, որ «Ալիեւի նման փորձառու դիվանագետը կգտնի այդ խնդրի լուծման ճիշտ ժամանակը եւ ճիշտ միջոցները»:
Մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարությունը` պաշտոնական Երեւանի հակամարտության կարգավորման «փարիզյան սկզբունքներին» աջակցեկու վերաբերյալ, ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրեյմենը նշել է, որ Փարիզում բանակցությունների ժամանակ խոսք է գնացել «այն մասին, թե ինչը կարելի է իրականացնել, իսկ ինչը` ոչ», սակայն որոշակի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ասուլիսի ավարտից հետո համանախագահները հայտնել են, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին կտեղեկացնեն Ալիեւի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: