AM
20 April 2010 - 14:15 AMT

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2009 թվականը

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի հիմնարկների գիտաշխատողներ 2009թ. ընթացքում տպագրել են 163 հոդված, որոնցից 78-ը` արտասահմանում: Տպագրվել է 1 մենագրություն արտերկրում, 1 ժողովածու և 2 ուսումնական ձեռնարկ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ ԳԱԱ մամլո ծառայությունից, բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են մի շարք գիտաժողովներ` «Հավանականային և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում» միջազգային գիտաժողով, Երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց-գիտաժողովը, «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» VII միջազգային գիտաժողովը, CSIT-2009:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոս և 10 թղթակից անդամ: Բաժանմունքի ինստիտուտների 7 աշխատակիցներ պաշտպանել են թեկնածուական թեզեր, բաժանմունքի ինստիտուտների գիտական խորհուրդներում պաշտպանվել է 10 թեկնածուական թեզ: Բաժանմունքի մասնագիտություններով հրատարակվում են հետևյալ ամսագրերը՝ «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ»:

Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, ինչպես նաև «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի 2009թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները կամփոփվեն սույն թվականի ապրիլի 21-23-ին՝ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում: