AM
21 April 2010 - 07:09 AMT

Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալները Հայաստանում 2010թ. կրճատվել են երկու անգամ

Հայաստանի գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալները Հայաստանում 2010թ. կրճատվել են երկու անգամ`կազմելով 600 մլն դրամ 2008-2009թթ. 1,6 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին ապրիլի 21-ին Երևանում հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը: “Ճգնաժամի պայմաններում պետության կողմից այդ ոլորտի սուբսիդավորումը զգալիորեն կրճատվել է և կազմել է շուրջ 600 մլն դրամ”,-ասել է նա:

Ըստ նրա, հատկացված գումարների մի մասը նախատեսված է անասնապահության, մասնավորապես, ծառայությունների տրամադրման և պատվաստումների համար: Մյուս մասն ուղղված է բուսաբուծության պահպանմանը` կարանտինային աշխատանքների համար: Չինաստանի կողմից աջակցության շրջանակներում Հայաստանին հատկացվել է 61 տրակտոր դրամաշնորհի տեսքով:

Այս առնչությամբ Սամվել Ավետիսյանը հավելել է, որ կառավարությունը նաև միջոցներ է նախատեսել ոռոգման ջրի սուբսիդավորման համար, որի գինը 9 դրամից աճել է մինչև 11 դրամ 1 խմ դիմաց, իսկ նման սուբսիդավորման բացակայության դեպքում հարկ կլիներ վճարել 19 դրամ: “Անշուշտ, կան նման առարկայական միջոցառումներ, սակայն դա բավարար չէ, քանի որ գյուղատնտեսությունը իր առանձնահատկությունների պատճառով լուրջ պետական մոտեցում է պահանջում:

Գյուղատնտեսությունը ոչ միայն գյուղմթերքի ոլորտն է, այլ նաև գյուղական համայնքների ու տարածքների զարգացումը, լանդշաֆտների պահպանման և բնապահպանության ոլորտները”,-պարզաբանել է նա: Ընդ որում փոխնախարարը նշել է, որ հենց որ գյուղատնտեսության մեջ արտադրության պայմանները մի փոքր վատթարանում են, գործարար-ֆերմերը ոչ միայն կորուստներ է կրում, այլ նաև թողնում է այդ գործը: