AM
22 Ապրիլ 2010 - 07:31 AMT

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Բաքու

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով կմեկնի Բաքու` Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի հրավերով, որտեղ կմասնակցի Հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին:

Այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգևոր առաջնորդների` Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի, Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի և Ամենայն Հայոց Հայրապետի քառակողմ հանդիպում:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Համաժողովին կմասնակցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ, հաղորդում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը: