AM
22 April 2010 - 09:11 AMT

Տիգրան Սարգսյան. Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երկու օր առաջ հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական աճը կազմել է 5,5 տոկոս: “Այս ցուցանիշի հիման վրա մենք կարող ենք նշել, որ մեր տնտեսությունը մտել է վերականգման փուլ”,- հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով ապրիլի 22 -ի կառավարության նիստը:

Նրա խոսքերով, Հայաստանն, աշխարհի բազմաթիվ պետությունների պես, այս օրերին ամփոփում է առաջին եռամսյակի արդյունքները և հակաճգնաժամային ծրագրերի արդյունավետությունը: Նա ասել է, որ, ունենալով առաջին եռամսյակում 5.5 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, Հայաստանի տնտեսությունը նույնպես մտել է վերականգնման փուլ: Չափազանց կարևոր է անդրադառնալ, թե ինչից է բաղկացած տնտեսական այդ ցուցանիշը: Առաջին հերթին պետք է նշել, որ 10 տոկոսանոց աճ կա արդյունաբերության ոլորտում և շուրջ 10 տոկոսանոց աճ` էլեկտրաէներգիայի արտադրությունում, գյուղատնտեսությունում` 3.2 տոկոս: Ունենալով 5.5 տոկոս ընդհանուր աճ, այնուամենայնիվ, շինարարության ոլորտում դեռևս անկում կա: “Մի կողմից դա վկայում է այն մասին, որ տեղի է ունենում տնտեսական համակարգի դիվերսիֆիկացիա, և կախվածությունը շինարարության աճի տեմպերից նվազում է, մյուս կողմից դա նշանակում է, որ դեռևս մասնավոր ներդրումներ շինարարության ոլորտ չեն արվում”,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով, 2008 թ. շինարարության ծավալների 75 տոկոսը ֆինանսավորվել է մասնավոր հատվածի հաշվին: Այսօր նոր կառուցվող շինարարական օբյեկտներում դեռևս մասնավոր ներդրումներ չեն արվում:

Նա նշեց նաև, որ կառավարությունը շինարարության ոլորտում ֆինանսավորում չի իրականացրել, այլ հորդորել և խթանել է, որպեսզի առևտրային բանկերը ֆինանսավորեն անավարտ շինարարությունները: Ընդ որում, այնպիսի անավարտ շինարարություններ, որոնց պատրաստվածության աստիճանը 50 տոկոսից ավելի է և գրավ դրված առարկաների և գույքի շուկայական արժեքը չափազանց բարձր է: Միայն այդ դեպքում կառավարությունն ընդամենը երաշխիքներ է տվել առևտրային բանկերին, որովհետև առևտրային բանկերն իրենք են գնահատել այդ անավարտ շինարարության ռիսկայնությունը: “Ընդ որում, այդպիսի երաշխիքների ծավալն ընդամենը 5 մլրդ է, այն դեպքում, երբ հիփոթեկային վարկավորմանն ուղղված միջոցներն առնվազն երեք անգամ գերազանցում են այն միջոցներին, որոնք առևտրային բանկերն ուղղել են անավարտ շինությունները ավարտին հասնելուն”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ 12 մլրդ դրամ գումար ներդրվել է հիփոթեկային հիմնադրամի ստեղծման համար, ինչպես նաև 3 մլրդ դրամ է հատկացվել երիտասարդ ընտանիքներին հիփոթեկային վարկերով օժանդակելու համար: