AM
22 Ապրիլ 2010 - 09:43 AMT

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը դեմ չի լինի ՀՀ ԱԺ օրակարգից արձանագրությունները հանելուն

Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերն են շարունակում մնալ ղարաբաղյան կարագավորումն ու հայ-թուրքական մերձեցումը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը:

Ըստ Գալստյանի, ապրիլի 24-ի շեմին հայ-թուրքական գործընթացը հասավ կուլմինացիայի: “Թուրքիան հայ-թուրքական այս ողջ գործընթացում ղեկավարվում էր չափազանցված պահանջների մարտավարությամբ, այսինքն, առաջ էր քաշում առավելագույն պահանջներ` արդյունքի հասնելու համար բանակցություններում”,-նշել է նա: Գալստյանը որպես օրինակ նշել է, որ թուրքական կողմը գործընթացի սկզբում պահանջում էր զորքերը դուրս բերել ազատագրված տարածքներից, իսկ վերջերս Թուրքիայի վարչապետը հայտարարեց սահամնը բացելու Թուրքիայի պատրաստակամության մասին` ԼՂՀ մերձակա 2 շրջանները վերադարձնելու դեպքում: “Բնականաբար, նման առաջարկները չեն կարող ընդունելի լինել մեզ համար, քանի որ հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան գործընթացը տարբեր գործընթացներ են”,-նշել է նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանն, ապա Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարը նշել է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն հասել են այն կետին, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը: “Հակառակ դեպքում, բանակցային գործընթացը կարող է խնդիրներ ունենալ արդյունավետության տեսակետից”,-հայտարարել է Գալստյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի այսօրվա ուղերձին, Գալստայնը նշել է, որ ուղերձի տեքստում կլինեն բոլոր այն դրույթները, որոնց շուրջ Հայաստանի կոալիցիոն ուժերը համաձայնության են հասել Ազգային անվտանգության խորհրդի ապրիլի 21-ի նիստում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարձագանքի “Բարգավաճ Հայաստանը”, եթե ՀՀ նախագահը որոշի ետ կանչել իր ստորագրությունն արձանագրությունների տակ` Խ.Գալստյանն ասել է, որ նման որոշումն ընդունելի կլինի կուսակցության համար: “Մեր կուսակցությունը կողմ կլինի նաև, եթե Սերժ Սարգսյանը որոշի հանել ՀՀ խորհրդարանի օրակարգից արձանագրությունների վավերացման հարցը”,-նշել է նա: