Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ստիպված է լինելու փոխել 2010 թ. Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները, որովհետև առաջին եռամսյակի արդյունքները կանխատեսումից ավելի դրական են եղել, ապրիլի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Դա նշանակում է, որ համաշխարհային տնտեսության մեջ էլ արդեն զգացվում է ռեցեսիայի նվազում”,- նշել է նա: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաև Ուկրաինայի և Ռուսաստանի վարչապետները, մասնավորապես ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի գնահատականով ռեցեսիան արդեն ավարտվել է:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջին եռամսյակում և Ուկրաինան, և Ռուսաստանը նույնպես գրանցել են 5 տոկոսանոց աճ: “Հասկանալի է, որ սրանք այն երկրներն են, որոնք մեր տնտեսության վրա էական ազդեցություն ունեն”,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ կանխատեսումներով այս աճի տեմպերը Ռուսաստանում մինչև տարվա վերջ կպահպանվեն, ինչը Հայաստանի համար ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր ինչպես մասնավոր ներդրումների ներգրավման, այնպես էլ արտահանումների տեսակետից: