Հայաստանում կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականի անցնելը թելադրված է ծայրահեղ անհրաժեշտությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը: Համաձայն նրանց կողմից մշակված Սահմանադրության նախագծի` Հայաստանի բարձրագույն իշխանությունը պետք է ենթարկվի խորհրդարանին, որն ընտրվում է չորս տարի ժամկետով եւ կազմված է մեծամասնական ընտրական կարգով ընտրված101 պատգամավորներից: Քոչարյանի համոզմամբ, երկրի նախագահն ու վարչապետը պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից: Նրանց առաջարկած նախագծում նշվում է, որ նախագահը ընտրվում է վեց տարով խորհրդարանականների ձայների երկու երրորդով: Համաձայն փաստաթղթի, խորհրդարանը նախագահին անվստահություն հայտնելու իրավունք ունի խորհրդարանականների ձայների երկու երրորդով: Խորհրդարանը վերահսկում է կառավարության գործունեությունը եւ վարչապետի հետ կանչման իրավունք ունի: Պատերազմ հայտարարելու եւ զինվորական դրություն հայտարարելու իրավունքը նույնպես տրվում է խորհրդարանին:
Քոչարյանի խոսքերով, նրանց կողմից մշակված Սահմանադրության նախագիծն արդեն ընդգրկված է Ազգային ժողովի մեծ օրակարգում եւ ստորագրված է հինգ խորհրդարանական ուժ ներկայացնող խորհրդարանականների կողմից: Դրանք են` Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը, Ժողովրդական կուսակցությունը եւ Ազգային-ժողովրդավարական միությունը: Նշենք, որ այս նախագծից բացի խորհրդարանի քննարկմանն է հանձնված եւս երկու Սահմանադրության նախագիծ: Դրանցից մեկը մշակված է Կոմունիստական կուսակցության կողմից եւ նույնպես ենթադրում է Հայաստանի անցումը խորհրդարանական կառավարման ձեւին, իսկ մյուսը նախապատրաստված է նախագահին կից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից եւ նախատեսում է պետության ղեկավարի լիազորության որոշ սահմանափակում եւ խորհրդարանի դերի բարձրացում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: