AM
29 April 2010 - 05:46 AMT

Մատենադարանում տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ

Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Հայաստանում Միյացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ մամլո ծառայությունից, "Հայկական հուշարձանների ճանաչման" ծրագրի այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

"Սեփական մշակույթով հպարտանալը դեռ բավական չէ. մենք պետք է պահպանենք այն` մեր երեխաներին փոխանցելու և մեր երկիր այցելողներին այն պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով",- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Շուրջ երկու տարվա ընթացքում Հայաստանի 60 շրջաններում 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 320 վահանակ: