Մայիսի 14 -15-ը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «CTS 2010» Զբոսաշրջության 10-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Ճամփորդական գործակալների հայկական միություն»-ը (AATA), «Ճամփորդական գործակալների ամերիկյան միություն»-ը (ASTA), ինչպես նաև ցուցահանդեսի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը:
«CTS 2010»-ը նշանակալի միջազգային միջոցառում է, որի մասնագիտական ուղղվածությունը լինելու է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացումը: Հայաստան-Թուրքիա զբոսաշրջության ոլորտի զարգացման խթանման համար այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են մեծ թվով զբոսաշրջային ընկերություններ Թուրքիայից և Վրաստանից, մասնավորապես Թուրքիայի Վան մարզից։
Ցուցահանդեսի շրջանակում այս տարի ևս կիրականացվի ճանաչողական տուր օտարերկրյա տուրօպերատորների և լրագրողների համար։ «CTS 2010»-ը լավ հնարավորություն է բիզնեսի զարգացման և Հայաստան-Թուրքիա-Վրաստան նոր հարաբերությունների ստեղծման համար: