«Հայաստանի գազալցակայաններում, ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ չի թույլատրվում 200 մթնոլորտային ճնշումից բարձր գազով լիցքավորել մեքենան, որոշ գազալցակայաններ լիցքավորում են 300 մթնոլորտային ճնշման տակ»,- Երևանում լրագրողներին հայտնել է արգենտինական «Էֆիկոալ» ընկերության տեխնիկական տնօրեն Ալդո Դամոնտեն:
Ընդ որում, Հայաստանում դեռ 2008-ին ընդունվել է օրենք, համաձայն որի չի թույլատրվում 200 մթնոլորտային ճնշումից բարձր լիցքավորել մեքենան, բայց օրենքը խախտվում է գրեթե բոլոր գազալցակայաններում, քանի որ այդ գործընթացը վերահսկելը տվյալ պահին երկրում անհնար է: «Արգենտինայում դեռ 20 տարի առաջ փոխել են համակարգը, որով հիմա աշխատում են Հայաստանի գազալցակայանները»,- ասել է Դամոնտեն:
Նա նաև նշեց, որ իր երկրում կիրառվում է ծրագիր, որին միացած են երկրի բոլոր գազալցակայանները, և «Էներգոգազ» գերատեսչությունը վերահսկում է յուրաքանչյուր կայանի լիցքավորման գործընթացը: «Հարկային ծառայությունը ևս վերահսկում է բնական գազի ծավալները և ավտոմատ կերպով գանձում վճարման ենթակա հարկի գումարը»,- ասել է փորձագետը:
Հայ փորձագետ Հարություն Ղազարյանի խոսքերով առաջիկայում Հայաստանի կառավարությանը կառաջարկվի ներմուծել նոր ծրագիր, որի տեղադրումը յուրաքանչյուր գազալցակայանի համար կարժենա 2600 դոլար: