Ամերիաբանկն ընթացիկ տարվա չորս ամսում ապահովել է ֆինանսական վարձակալության (լիզինգ) գծով գործառնությունների ծավալային աճ մոտ 100 տոկոսով: Բանկն այս ծառայությունը մատուցում է շուրջ երկու տարի և լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբª մշակել է ճկուն և մրցունակ պայմաններ, ինչի շնորհիվ ակտիվորեն հանդես է գալիս ֆինանսական շուկայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Բանկի լիզինգային գործառնությունների ծավալը 2009 թվականին աճել է 147 տոկոսով և արդեն տարեվերջին լիզինգի պորտֆելը կազմել է 361 մլն դրամ: Իսկ ընթացիկ տարվա չորս ամսվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 721 մլն դրամ, որից 45 տոկոսը բաժին է ընկնում հանքարդյունաբերության, 35տոկոսը` շինարարության, իսկ 20 տոկոսը` սննդի արդյունաբերության, առողջապահության, առևտրի և ծառայությունների ոլորտներին: Լիզինգային գործառնությունների իրականացման ընթացքում Բանկը գործընկերական հարաբերություններ է ձևավորել միջազգային հեղինակություն վայելող խոշորագույն կազմակերպությունների հետ:
Ամերիաբանկը նախատեսում է 2010թ. շարունակել ակտիվորեն հանդես գալ լիզինգային գործառնությունների իրականացմամբ և մինչև երրորդ եռամսյակի ավարտը կրկնապատկել պորտֆելը: