AM
8 May 2010 - 10:35 AMT

Ջերմուկում մեկնարկել է «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովը

Մայիսի 7-9 Հայաստանի առողջարանային Ջերմուկ քաղաքում անցկացվում է «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանը: PanARMENIAN.Net-ին այս մասին հաղորդել է ՀՀ գիտության և կրթության նախարարության մամլո ծառայությունը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը և ԵրՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանը:

Գիտաժողովի առաջին զեկույցը ներկայացրել է Կ. Հայրապետյանը՝ գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի վերաբերյալ: Նա անդրադարձել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, թեմատիկ ու նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, գիտական ծրագրերի ու հայտերի երաշխավորման, հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգերին:

Գիտաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել գիտության զարգացման ռազմավարության, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթներին, ինչպես նաև Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական և գիտատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գիտաժողովում մայիսի 8-ին ելույթ են ունեցել ՀՀ գիտության և կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և գիտության պետհանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը:

Գիտաժողովին մասնակցում են գիտության ոլորտին առնչվող կառավարական մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ: