Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Օդակայանում հյուրին դիմավորել է Հայաստանի նախագահը: Այստեղ էլ կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Էդուարդ Շեւարդնաձեի կարճատեւ զրույցը: Բանակցությունները շարունակվել են Հայաստանի նախագահի նստավայրում: Օրվա երկրորդ կեսին բանակցությունները կսկսվեն ընդլայնված կազմով: Այսօր էլ կստորագվի նոր պայմանագիր բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին, եւ իրավական ոլորտում երկու երկրների ընկերակցությունը կարգավորող եւս երկու փաստաթուղթ: Երեկոյան Հայաստանի նախագահը, ի պատիվ բարձրաստիճան հյուրի, պաշտոնական ճաշկերույթ կտա: Վաղն առավոտյան Շեւարդնաձեն ծաղիկներ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին: Այնուհետեւ Վրաստանի նախագահը կայցելի Ազգային ժողով, որտեղ կհանդիպի հայ խորհրդարանականներին: Վրաստանի ղեկավարը կհանդիպի նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողկան եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ: Վրացական պատվիրակությունը կայցելի Հայաստանի Ազգային պատկերասրահը, որտեղ կկայանա վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Նույն օրը վրացական պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
Էդուարդ Շեւարդնաձեի կողմից ղեկավարած պատվիրակության կազմում են` արտաքին գործերի, էներգետիկայի եւ վառելիքի, տրանսպորտի եւ հաղորդակցությունների, ֆինանսների, էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի, արդարադատության, գյուղատնտեսության եւ պարենի, պետեկամուտների նախարարները, ինչպես նաեւ խորհրդարանի պատգամավորներ եւ Ախալքալակի ու Նինոցմինդայի հայաբնակ շրջանների ղեկավարները: Վրաստանի նախագահին ուղեկցում է նաեւ վրաց գործարարների մեծ խումբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: