AM
10 May 2010 - 12:23 AMT

«ԱրմենՏել»-ն ազատեց վետերաններին բաժանորդային վճարից

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները մինչև 2010 թ-ի վերջը ազատված են ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից:

PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից հաղորդում են, որ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 ամյակին նվիրված ակցիայի շրջանակում ՀՄՊ վետերանները, տոնական օրերին այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, հնարավորություն ունեին անվճար զանգահարելու Հայաստանում և աշխարհի ցանկացած վայրում բնակվող իրենց մարտական ընկերներին ու բարեկամներին:

«Անգնահատելի է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների դերը մարդկությանը ֆաշիզմից ազատելու գործում: Հենց նրանց` ճակատի և թիկունքի մարտնչողներին ենք մենք պարտական մեր և մեր երեխաների կյանքի համար, և այսօր վետերանների մասին հոգ տանելը մեր սուրբ պարտքն է»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բոլոր այն վետերանները, ովքեր ընդգրկված են աշխատանքի և սոցիալական նախարարության հատկացրած ցուցակում, ավտոմատ կերպով ազատվում են բաժանորդային վճարից ամրակցված կապի ծառայությունների համար անկախ այն բանից, թե ընտանիքի անդամներից ում անունով է գրանցված հեռախոսահամարը:

Վերոհիշյալ ցուցակում չընդգրկված վետերանները Beeline վաճառքի ու սպասարկման ցանկացած գրասենյակ դիմելու, վետերանի գրքույկի և անձնագրի ներկայացման դեպքում նույնպես կազատվեն ամրակցված կապի ծառայությունների համար բաժանորդային վճարից` ըստ վետերանի գրանցման վայրի: