AM
11 Մայիս 2010 - 10:49 AMT

Աշոտ Մանուչարյան. «Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը սկզբունքորեն հնարավոր է, իսկ ըստ էության` ոչ»

Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը տեսականորեն հնարավոր է, իսկ գործնականորեն` ոչ, քանի որ դրա համար համապատասխան նախադրյալներ չկան: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքերի համաձայն, վատն այն է, որ հիմա ղարաբաղյան պատերազմի պատմությունը վերանայման է ենթարկվում: «Իրականում Արցախի անկախության հռչակմանն ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունները ռասիստական պատերազմ սկսեցին ոչ միայն ԼՂՀ ազգաբնակչության դեմ, այլև Ադրբեջանում բնակվող հայերի դեմ», – ընդգծել է նա:

Մանուչարյանը նշել է նաև, որ տարածքային զիջումների մասին բանակցություններ Ադրբեջանը պետք է վարի ոչ թե Հայաստանի հետ, այլ Ադրբեջանից փախած հայերի հետ: «Քանի որ ազատագրված տարածքները պետք է համարել Ադրբեջանից տեղահանված հայերին տրվող փոխհատուցում: Իսկ եթե Ադրբեջանն իսկապես ուզում է ապացուցել, որ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած ողբերգությունները էթնիկ զտում չէին, թող համապատասխան պայմաններ ստեղծի հայերի վերադարձի համար և պատժի այն անձանց, ովքեր կազմակերպել էին այդ ջարդերը», – ընդգծել է Մանուչարյանը:

Նրա խոսքերի համաձայն, և’ Ադրբեջանում, և’ Հայաստանում իշխանությունը գտնվում է մի քանի մարդու ձեռքում: «Հայաստանում և Ադրբեջանում կառավարման փիլիսոփայությունը հանգեցրել է այն բանին, որ ադրբեջանական կողմը սպառնում է պատերազմ սկսել, իսկ հայկական կողմն արհամարհում է այդ սպառնալիքները», – ընդգծել է Մանուչարյանը: