Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության արդյունքների համաձայն, Հայաստանը կոռումպացվածության մակարդակով Վրաստանի համեմատ գտնվում է 120-րդ տեղում: Վրաստանում կյանքի մակարդակը նույնն է, ինչ որ Հայաստանում, սակայն Վրաստանը կոռումպացվածության մակարդակով 66-րդ տեղում է: Այս մասին Երևանում լրագրողներին ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանում CRRC –ի տնօրեն Հեղինե Մանասյանը:
Նրա խոսքերի համաձայն, 1515 տնտեսությունների շրջանում հարցման արդյունքում պարզվել է, որ կոռուպցիան 4-5-րդ տեղն է գրավում երկրում եղած հիմնախնդիրների ցանկում` գործազրկությունից, աղքատությունից և ընդհանուր տնտեսական խնդիրներից հետո: Իսկ 400 գործարար առաջնորդների շրջանում կատարած հարցումը ցույց է տվել, որ ձեռնարկատիրության զարգացման համար հիմնական խոչընդոտներն են` մենատիրությունը, կոռուպցիան և միայն հետո ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Միաժամանակ բոլոր հարցումների արդյունքները ցույց են տվել, որ կոռուպցիան ամենից շատ զարգացած է բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, իսկ ամենակոռումպացված հիմնարկություն է նշվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որին հաջորդում են` առողջապահության, կրթության բնագավառները, դատական համակարգը:
Հարցվածների քիչ տոկոսը գտնում է, որ Հայաստանի կառավարությունն ունի հնարավորություն և ցանկություն երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու:
Փ.Շ.