Մայիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հաստատվել է օրակարգը, որից հետո կառավարությունն սկսել է վեց տասնյակից ավելի հարցերի քննարկումը:
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուր ներառված են կառավարության հավանությանն արժանացած ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու հայեցակարգից բխող մի շարք նոր հասկացություններ և դրույթներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է օրինագծի` միջազգային պատշաճ փորձաքննություն անցնելու փաստը: Ավելին, փորձագետները տրամաբանական և խիստ անհրաժեշտ են համարել ոլորտում իրականացվող բարեփոխումը:
Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ հեռուստատեսության և ռադիոյի բնագավառը խիստ նուրբ է և հաճախ է քաղաքական շահարկման առարկա դառնում:
Նա հավաստել է, որ նոր օրինագիծը հնարավորություն է տալիս մեր երկրում զարգացնել քաղաքական, մշակութային, կրթական, մանկական հեռուստահաղորդումները, բավարարել բնակչության բոլոր խավերի պահանջարկը, ապահովել առողջ մրցակցություն, բայց և կուլ չգնալ շուկայական տնտեսության թելադրանքին: