«Դժվար թե Ադրբեջանը այժմ կտրուկ քայլեր ձեռնարկի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը սեփական սցենարով լուծելու նպատակով: Սակայն, եթե Բաքվում, այնուամենայնիվ, համարձակվեն դրան, ապա թող իրենց մեղադրեն»,- հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքաել Հարությունյանը` պատասխանելով այսօր լրագրողների հարցերին: «Մենք հասկանում ենք, որ ընդհանուր լարված իրավիճակը տարածաշրջանում, կապված Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ անցկացնելու հետ, անդրադառնում է նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Այդ պատճառով մենք անում ենք ամեն բան մեր պաշտպանունակության ու մեր երկրի անվտանգության ամրապնդման համար: Պետք է պատրաստ լինել ամեն ինչի: Անհրաժեշտության դեպքում մեր զինված ուժերը շատ հաջող կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները»,- ասել է գեներալը: Այդուհանդերձ, ինչպես հայտնում է «CNA» գործակալությունը, շտաբի պետը նշել է, որ ներկայումս նա չի տեսնում ոչ մի պատճառ, որպեսզի Ադրբեջանը որեւիցե կտրուկ որոշում ընդունի` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: