Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման լրիվ վերացումը բացասաբար կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` 1992 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված պատժամիջոցները, որոնք արգելում են ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հանդես են գալիս որպես ղարաբաղյան կարգավորման կարեւոր տարր: «Վերջին տարիների ընթացքում ստեղծվել էր ղարաբաղյան կարգավորման հավասարակշռված փաթեթ եւ այդ փաթեթի որեւէ տարրի վերացումը կխախտի հավասարակշռությունը»,- նշել է նախարարը: Միեւնույն ժամանակ, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 907-րդ ուղղման ընդունումն ու վերացումը Միացյալ Նահանգների ներքին գործն է: Պաշտոնական Երեւանը կարող է միայն իր կարծիքն հայտնել այդ հարցի վերաբերյալ: Վարդան Օսկանյանի խոսքերով` պետք չէ ուղղակիորեն կապել 907-րդ ուղղման վերացումն ու Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Սակայն, նախարարը համարում է, որ դա բացասաբար կանդրադառնա նաեւ տարածաշրջանայաին բնույթի խնդիրների վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: