AM
19 Մայիս 2010 - 13:23 AMT

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկայանան

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ներկայացված օրինագիծը չի լուծում հեռուստա- և ռադիոծրագրերի թվայնացման հետ կապված բոլոր խնդիրները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, խոսնակի կարծիքով, օրինագծում ճշտված չէ կարգավորող մարմնի գործունեությունն ու դերը թվայնացման ժամանակ և դրանից հետո: «Օրինագիծը չի սահմանում նաև Հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման գծով ազգային հանձնաժողովի և օրինագիծը ներկայացրած էկոնոմիկայի նախարարության դերը: Օրենքում նաև նախատեսվում է, որ թվայնացումից հետո մասնավոր հեռուստակայանները հնարավորություն կունենան ստեղծելու սեփական հեռարձակման ցանցը, մինչդեռ օրենքով վերահեռարձակման մենաշնորհը պատկանում է պետությանը: Այնուամենայնիվ, ես բոլորին առաջարկում եմ ընդունել օրինագիծն առաջին ընթերցմամբ, պրոֆիլային հանձնաժողովում օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել», – ասաց Աբրահամյանը:

Օրինագծով կառավարությունն առաջարկում է 18 հաճախականությունների համար լիցենզավորման մրցույթ հայտարարել: Գործընթացը կսկսվի հուլիսի 1-ին և կավարտվի 2011 թվականի հունվարի 31-ին: