Հայաստանի կառավարությունը կվերանայի մակրոտնտեսական կանխատեսումները 2010 թվականի համար: Այդ մասին մայիսի 20-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հակաճգնաժամային միջոցները դրական արդյունք տվեցին, մասնավորապես, բարձր տեմպ է հավաքում արդյունաբերական արտադրությունը, մենք պետք է շարունակենք հետևողական քայլերն այդ ուղղությամբ»,-ասել է վարչապետը: Այդ համատեքստում նա հավելել է, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնանցնել այն միջոցառումների վրա, որոնք պետք է իրականացվեն` պահպանելու համար տնտեսական աճի բարձր տեմպերը 2011-12թթ.:
«Մենք պետք է հետևողական լինենք մեր բոլոր նախաձեռնություններում»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ օպերատիվ շտաբի ծրագրերն արդեն իսկ դրական արդյունք են տալիս և հիմնական նպատակն է ապահովել դրանց թափանցիկությունը: Նա հայտնել է, որ կառավարության պաշտոնական կայքէջում կհրապարակվեն և կզետեղվեն այդ ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները և հասարակությունը կառավարության հետ միասին կկարողանա վերահսկել դրանց իրականացումը` ինչին են ծախսվում միջոցները և ծառայում են արդյոք բուն նպատակին: