Մայիսի 21-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2010-12 թթ. ներդրումային ծրագրին: Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Ըստ հիմնական զեկուցող Զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Ա. Հակոբյանի,ներդրումային ծրագիրը կազմված է` հաշվի առնելով ներկա հետճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած բնական գազի նոր սակագնի հանգամանքը:
Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման հուսալիության ապահովմանը և գազասպառողների շրջանում անվտանգության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը: Ծրագրում ներկայացված են գազի փոխադրման և բաշխման համակարգերի զարգացման հիմնական ուղղությունները, անհրաժեշտ ներդրումների կանխատեսվող ծավալները և ակնկալվող արդյունքները:
2010-12 թթ. Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 24 203,3 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ` առանց ԱԱՀ-ի, որից 2010 թվականին` 9 515,7 մլն դրամ հետևյալ ուղղություններով.
-գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցում և ընդլայնում, 2010-2012 թվականների ընթացքում` 1 209,0 մլն դրամ, որից 2010 թվականին` 319,0 մլն դրամ,
-գազափոխադրման համակարգի վերակառուցում, 2010-2012 թվականների ընթացքում` 4 445,2 մլն դրամ, որից 2010 թվականին` 2 394,0 մլն դրամ,
-գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010-2012 թվականների ընթացքում` 1 179,9 մլն դրամ, որից 2010 թվականին` 278,2 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգի ընդլայնում, 2010-2012 թվականների ընթացքում` 2 284,1 մլն դրամ, որից 2010 թվականին` 1070,0 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգի վերակառուցում, 2010-2012 թվականների ընթացքում` 4 486,4 մլն դրամ, որից 2010 թվականին` 669,7 մլն դրամ,
-գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ, 2010-2012 թվականների ընթացքում` 10 598,7 մլն դրամ, որից 2010 թվականին` 4 784,8 մլն դրամ:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Բուդաղյանի գնահատմամբ, 2010 թվականի ներդրումների ազդեցությունը սակագնի վրա չի գերազանցի 1 դրամի սահմանը, ներառյալ ԱԱՀ-ը` 1 խ /մ հաշվով: