AM
21 Մայիս 2010 - 12:38 AMT

«Օրինաց երկիր» խմբակցությունը Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն անվանել է անհեթեթ

Հարավային Կովկասի վերաբերյալ բանաձևում, որը նախօրեին ընդունել է Եվրախորհրդարանը, հայկական կողմի համար դրական դրույթներ կան: Դրանում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, իսկ հայ-թուրքական գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների: Այս մասին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

Բիշարյանի խոսքերի համաձայն, բանաձևում կա նաև անհեթեթ կետ, որը հիմնված է բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի վրա, որում նա հայտնել է ընդամենը իր անձնական կարծիքը: «Այս դրույթից պարզ է դառնում, որ բուլղարացի պատգամավորը ծանոթ չէ ղարաբաղյան հիմնախնդրին: Դա իր կարծիքն է, որը հայկական կողմի համար չի կարող ունենալ որևէ հետևանք», – նշել է նա:

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե բանաձևն, արդյոք Հայաստանի խորհրդարանական պատվիրակության վատ աշխատանքի արդյունք է, ասել է, որ հայկական պատվիրակությունը ԵՄ հետ աշխատում է ակտիվորեն:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում քննարկումներ են անցկացվել Եվրոպայի և Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցի վերաբերյալ: Այդ թեմայով բանաձևը ներկայացրել է բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստություն է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի առիթով և կոչ է արվում «հայկական զորքերը հանել Ադրբեջանի գրավյալ տարածքից»:

Եվրախորհրդարանը կոչ է արել կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները` տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: «ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է այդ հակամարտության լուծման համար ուժի կիրառումը», – ասվում է բանաձևում: Պատգամավորներն անհանգստություն են հայտնել, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները` ներառյալ վերադարձի, սեփականության և անվտանգության, սահմանափակվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել վերաբնակեցվածների շահերը` միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան», – ասել է նա: