AM
16 October 2001 - 15:17 AMT

ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՅՍ Է ԴՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎՐԱ

Երեկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ընդունել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին, այդ համառուսաստանյան կազմակերպության փոխնախագահ Սեյրան Բաղդասարյանին եւ հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, որոնք ժամանել են Ստեփանակերտ Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար: Զրույցի ժամանակ Արկադի Ղուկասյանն ընդգծեց, որ հանրապետության ղեկավարությունը կարեւոր նշանակություն է տալիս երկրի տնտեսությունում արտասահմանյան մասնավոր կապիտալի ներգրավմանը: Նրա խոսքերով, դրա համար Ղարաբաղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` եւ համապատասխան օրենսդրական դաշտ եւ ներդրումային բարենպաստ կլիմա: ԼՂՀ նախագահը ընդգծեց, որ մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հայ համայնքի հետ, որը մեծ ներուժ ունի եւ կարող է Ռուսաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բազմակողմանի կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալից ներդրում ունենալ:
Մինչ այդ Ռուսաստանի հայերի Միության ղեկավարներին ընդունել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Մոսկվայից ժամանած պատվիրակության կազմում են Միության տարածաշրջանային ներկայացուցչությունների ղեկավարներ, նահանգապետեր եւ Ռուսաստանի որոշ շրջանների ու երկրամասերի փոխնահանգապետեր, հասարակական ներկայացուցիչներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: