AM
15 October 2001 - 18:53 AMT

ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

Հոկտեմբերի 18-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, հայ-ուկրաինական բանակցություններում օրակարգի հիմնական հարցերից մեկը կլինի երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության հեռանկարների քննարկումը: Ուկրաինան բազմիցս հայտարարել է իր շահագրգռվածության մասին մասնակցելու Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը, որը հեռանկարում կարող է հայկական եւ վրացական տարածքներով երկնագույն վառելիքը Իրանից եւ Թուրքմենստանից հասցնել Ուկրաինա եւ Եվրոպա: Այժմ քննարկվում է գազատարի շինարարությանը ուկրաինական ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունը: Կիեւը գտնում է նաեւ, որ անհրաժեշտ է ապահովել «Պոտի-Իլյիչեւսկ» լաստանավային փոխադրումների էֆեկտիվությունը, ինչը Հայաստանի եւ միջինասիական երկրիների շուկաներ ուկրաինական ապրանքների ներմուծման համար կհանդիսանա ամենակարճ եւ ամենաէժան ուղին: Ուկրաինական ԱԳՆ ղեկավարի Երեւան կատարվելիք այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք միջկառավարական փաստաթղթեր, մասնավորապես, տեղեկատվության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: Նշենք, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը կրում է տարածաշրջանային բնույթ` Զլենկոն կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: