AM
15 October 2001 - 14:21 AMT

ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ

«Վերջերս Ադրբեջանում հնչող քարոզչական աղմուկ-աղաղակի միջոցով պաշտոնական Բաքուն փորձ է անում միջազգային հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանական իշխանությունների երկարամյա կամ` անգործունությունից, կամ էլ` թողտվությունից, որոնք վճռական գործողություններ չեն ձեռնարկել այստեղ հաստատված ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- հայտարարել է Նաիրա Մելքումյանը: Նախարարը չի բացառել, որ պաշտոնական Բաքուն մտադրություն է ունեցել դարձյալ իսլամական գրոհայինների ջոկատներն օգտագործել Լեռնային Ղարաբաղի դեմ պայքարում:
Նաիրա Մելքումյանը իրազեկել է, որ ղարաբաղյան կողմը վավերագիր ապացույցներ ունի 1991-94թթ. պատերազմին աֆղան մոջահեդների մասնակցության մասին: Ընդսմին, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի տարածքում փաստորեն առ այսօր մնում են Ուսամա բեն Լադենի հետ կապված ահաբեկիչներ: Նաիրա Մելքումյանի խոսքերով, միայն հիմա է, որ հակաահաբեկչական դաշինքի մասնակից-երկրների ճնշման ներքո Ադրբեջանում փակվում են ահաբեկչական կազմակերպությունները եւ ձերբակալություններ են սկսվել: Այդ առնչությամբ նա, մասնավորապես, հիշեցրել է, որ հոկտեմբերի 12-ին ադրբեջանական ԶԼՄ-ներով տեղեկատվություն է տարածվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից եգիպտական այն ահաբեկչական խմբավորման մի անդամի ձերբակալության մասին, որը կասկածվում է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչության համամասնակից լինելու մեջ:
Նաիրա Մելքումյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն անցկացնելու անհրաժեշտության մասին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները հանդիսանում են հակահայկական քարոզչության հերթական ցուցադրում եւ ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունների խաղաղ լուծման միջազգային սկզբունքի խախտում: «Կարծում ենք, որ այդ կարգի շահարկումները պետք է համապատասխան գնահատական ստանան ինչպես հակամարտության կարգավորման միջնորդների, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների կողմից», – ասել է Նաիրա Մելքումյանը: Նա ընդգծել է, որ նման հայտարարությունները վիթխարի վնաս են հասցնում միջազգային հակաահաբեկչական դաշինքին: Նախարարը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական կողմն իր գործողություններով բացեիբաց վարկաբեկում է հազարավոր խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած չարիքի դեմ պայքարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կարող է, ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն է հավաստում, հնարավորություն ընձեռել համանման գործողություններ իրականացնելու ոչ իսլամական երկրների դեմ, Նաիրա Մելքումյանը հայտարարել է, որ միանգամայն անթույլատրելի է կրոնական բնույթ տալ ԱՄՆ-ի եւ այլ երկրների հակաահաբեկչական գործողություններին:
ԼՂՀ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարիք չունի նման կարգի աջակցության կամ իր գործողությունների արդարացման: «Այսօր տեղի ունեցող իրադարձություններին կրոնական բնույթ հաղորդելու փորձերը կարող են շրջվել ամենից առաջ հենց իր` Ադրբեջանի դեմ».- ընդգծել է նախարարը: Նրա խոսքերով, այդպիսի քաղաքականությունը պետք է դատապարտվի ոչ միայն իսլամական երկրների, այլեւ` ամբողջ միջազգային հանրության կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: